ՄԱՐԱՂԱՆ` 20-ՐԴ ԴԱՐԱՎԵՐՋԻ ԳՈՂԳՈԹԱ
Մպրիլ 10, 2010
«Դա նման էր Գողգոթային... շատ տարիներ անց»: Սրանք բարոնուհի Քերոլայն Քոքսի խոսքերն են: Նորօրյա Գողգոթան, որի մասին խոսում է բարոնուհին, Մարաղայի ողբերգությունն է:
1992թ. ապրիլի 10-ի լուսաբացը Մարաղայում արյունոտ էր, առավոտ լուսոն բացվեց դաժան ողբերգությամբ, ադրբեջանական հրոսակների անմարդկային ոճրագործությամբ: Օդում արյան գաղջ հոտն էր, այրվող տների թանձր ծուխը, վիրավորների ու հարազատներին կորցրածների լացն ու կականը, իսկ շուրջբոլորը դիակներ էին, մարդկանց կտրտված մարմնամասեր:
«Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա:
Մարաղայի բնակիչները լիովին անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Ես տեսա երիտասարդ մի տղայի, որ փորձում էր ազերիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին: Ես տեսել եմ, տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց, տեսել եմ վառված դիակներ, ըստ երևույթին, որոշ մարդկանց նրանք կենդանի էին վառել: Նրանք հիմնահատակ քանդում ու վառում էին հայերի տները, սակայն վառելուց առաջ թալանում էին դրանք` այնտեղից դուրս բերելով այն ամենն, ինչ իրենց չէր պատկանում: 1992թ-ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ողջ մարդկության դեմ»,-նույնիսկ շատ տարիներ անց, չկարողանալով զսպել արցունքները, կպատմի բարոնուհի Քոքսը:
Մարաղայի ողբերգությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հայերի հանդեպ ադրբեջանցիների պարբերաբար իրագործած ցեղասպան գործողությունների և էթնիկ զտումների համակարգված, հետևողական շղթայի հերթական մի օղակն էր: Ադրբեջանի ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուղեկցվել է մարդկության տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս դաժանություններով: Սակայն նույնիսկ նման սև ֆոնին առանձնանում է Մարաղայի ողբերգությունը:
Ահա թե ինչ է պատմում ադրբեջանական դաժան մսաղացից հրաշքով փրկվածներից Վալյա Խաչիկյանը.
«Ապրիլի 9-ին, երեկոյան մոտավորապես ժամը վեցին սկսվեց գյուղի ռմբակոծումը, ինչին արդեն վաղուց սովորել էինք: Կրակում էին Ալազանից, թնդանոթներից, խոշոր գնդացիրներից: Այդ ժամանակ ամուսնուս հետ գտնվում էինք նկուղում, ուր ապրում էինք գրեթե երեք տարի: Ապրիլի 10-ի առավոտյան ժամը 6-ի մոտ սկսվեց փոթորկալից գնդակոծություն. արկերը պայթում էին գրեթե ամեն վայրկյան: Գյուղի վրա 3000-ից ավելի արկ է պայթել: Այդպես շարունակվեց մինչև ժամը 14-ին մոտ: Այդ ժամանակ տեղեկացանք, որ ադրբեջանցիներն արդեն գյուղ են մտել: Բոլոր նրանք, ովքեր չկարողացան լքել գյուղը, մորթվեցին, այրվեցին կամ գերեվարվեցին: Իսկ փախչողներիս դժոխային ճանապարհ էր սպասում` ռմբակոծությունների ներքո…»:

Ադրբեջանական հրոսակները թալանել են բոլոր տները, իսկ այն ամենը, ինչ չեն կարողացել թալանել, այրել են` հաճախ` տանտերերի հետ միասին: Բնակիչներին կոտորել են ամենադաժան եղանակներով` այրել, անդամահատել, անգամ սղոցել: Դաժան կոտորածների արդյունքում տարբեր տվյալներով սպանվել է ավելի քան 80-100 մարաղացի, այդ թվում` 30-ը` կանայք, 40-ից ավելի մարդ վիրավորվել է, ևս 63-ը գերեվարվել են: Վերջիններիս թվում եղել է ինը երեխա: Բազմաթիվ մարաղացիներ սպանվել են փախուստի ճանապարհին` ծնողների, զավակների, հարազատների աչքերի առջև: Պատանդ տարված մարաղացիներից յոթը վերադարձվել են, 17-ը փոխանակվել են, մեկը գնվել է, մեկին հաջողվել է փախչել գերությունից, ութ հոգու սպանության մասին տեղեկություններ են ստացվել, ևս 29-ի ճակատագիրն առ այսօր անհայտ է: Մեկ մարդ սպանվել է փոխանակման պահին, մեկն էլ` փախուստի փորձ կատարելիս:
Ականատեսների վկայություններին հնարավոր չէ սառնասրտորեն ծանոթանալ, դրանք պարունակում են դաժան նկարագրություններ, սահմռկեցուցիչ մանրամասներ, որ մարդկային տրամաբանությունից ու պատկերացումներից դուրս են: Միևնույն ժամանակ այդ ամենը ցավալիորեն այնքան ծանոթ է` դեռ 19-րդ դարի վերջից ու 20-րդ դարի սկզբներից: Մեկ դարից ավելի թուրք-ազերիական ձեռագիրն այդպես էլ չի փոխվել, չի փոխվել նաև նրանց բնույթը…
…Մարաղան այսօր դեռ շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության տակ, ու, ինչպես ցույց են տալիս արբանյակից կատարված պատկերները, ժամանակի ընթացքում ազերիները գողացել են նաև տների քարերն անգամ:
Իսկ մարաղացիները վստահ են, թե նորից վերադառնալու ու շենացնելու են հայրենի գյուղը:
Աղբյուր:
panorama.am
09.04.2010Լարիսա Ալավերդյան. “Արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս, պետք է հիշել Մարաղայի ջարդերի մասին”
Ադրբեջանի զինված ուժերը ոչնչացրին ավելի քան 94 հայ: Այս մասին ՀՀ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է “Ժառանգություն” խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:
Ալավերդյանի խոսքերի համաձայն, արցախյան հիմնախնդրի մասին խոսելիս, միշտ պետք է հիշել Մարաղայի ողբերգական դեպքերի մասին: “Պետք է հաշվի առնել, որ ղարաբաղյան ճակատում իրավիճակը շարունակում է մնալ շատ վտանգավոր` Ադրբեջանի չճշտված սահմանների պատճառով, և այն պատճառով, որ Ադրբեջանը չի ցանկանում հաշտվել իրականության հետ”, - նշել է նա:
Աղբյուր:
panarmenian.net
01.04.2010Ա. Պետրոսյան. «Թուրքերի հետ հարաբերություններում պետք է դանդաղ շտապել»
«Անընդհատ գոռալով, որ մենք քաղաքակիրթ երկիր ենք, որ մեր հայացքն ուղղված է դեպի Եվրոպա, պիտի կարողանաք նաև քաղաքակրթության լավ տարրերը պահպանել»,-այսօրվա ասուլիսում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ Ալվարդ Պետրոսյանը:
Միևնույն ժամանակ Ա. Պետրոսյանը հատկանշեց, թե ժողովուրդը ստեղծված է իշխանություններին «անընդհատ հետապնդելու» համար, քանի որ, ըստ նրա, երբ ժողովուրդը սկսի իշխանություններից գոհ լինել «երկիրը կանգ է անռելու, ժողովուրդը մեռնելու է, առաջընթաց չի լինելու»:
Որպես քաղաքացի, Ա. Պետրոսյանը շատ հարցերից գոհ չէ. կադրային քաղաքականությունը, ըստ նրա, դանդաղում է, կոռուպցիան չի վերանում:
«Ես մի բանից եմ գոհ: Իմ անձնական կարծիքն ունեմ հայ –թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Շատ կարևոր բան է պատահել, այս ժողովուրդը սթափվեց ու հասկացավ, որ թուրքը մնում է թուրք»,-ասաց Ա. Պետրոսյանը:
Խոսելով հայ-թուրքական արձանագրություններից` նա նշեց, որ Դեր Զորում Հանրապետության նախագահի ելույթից հասկացել է, որ հարաբերություններ նոր տարրեր կմտնեն:
Նրա խոսքով, հանրապետության նախագահը «պատրաստակամ է շփումներին»:
Ա. Պետրոսյանը նաև նշեց, որ իր կարծիքով, թուրքերի հետ հարաբերություններում հայերը պետք է «դանդաղ շտապեն»:
Բանախոսը, խոսելով Մարաղայի կոտորածի մասին, նշեց, որ
Մարաղայում, Մարտունաշենում և Արծվաշենում տեղի ունեցածը ցեղասպանություն է:
Իսկ դրա մասին, ըստ Ա. Պետրոսյանի, պետք է անընդհատ բարձրաձայնել: ՀՅԴ-ականը նշեց, որ որպես Հայաստանի քաղաքացի, հայ, ինքը վիրավորված է այն պետություններից, որոնք քաղաքական նպատակներով «ցինիկաբար» օգտագործում են Ցեղասպանության փաստը:
«Մենք պետք է աշխարհով բարձրաձայնենք, որ մեր ցեղասպանությունը առաջինն էր 20-րդ դարում: Ու պետք է ապացուցենք, որ Խոջալույի պատմությունը կոպիտ ֆարս է, որ Մարաղայում և Արծվաշենում տեղի ունեցածը` ցեղասպանություն է»,-եզրափակեց Ա. Պետրոսյանը:
Աղբյուր:
panorama.am
31.03.2010«Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ապրիլին
Ավարտին են մոտենում «Սովորական ցեղասպանություն» շարքի երկրորդ` «Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի նկարահանման աշխատանքները: Նախագծի ղեկավար Մարինա Գրիգորյանի խոսքերով, նկարահանող խմբին հաջողվել է ի հայտ բերել լուսանկարչական նյութեր և տեսագրություններ, որոնք լույս են սփռում ադրբեջանական Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների` նախկինում անհայտ մնացած մանրամասների վրա:
Ֆիլմում տեղ գտած փաստերը թույլ կտան առավելագույն մանրամասնությամբ պատմել հայերի հանդեպ 20-րդ դարավերջին իրականացված ցեղասպանության մասին, երբ 1988թ. փետրվարի 27-29-ը Սումգայիթում գազանաբար իրականացվեցին հայերի ջարդեր ու կոտորածներ:
«Մեր տրամադրության տակ կային ԽՍՀՄ Գլխավոր դատախազության օպերատիվ նկարահանումները, նախաքննության և դատաքննության նյութեր, լուսանկարներ, որոնք կատարվել էին Ադրբեջանի դիահերձարաններում, ուր տեղափոխվել էին տանջամահ արված հայերի դիակները»,- ասում է Մարինա Գրիգորյանը: Ըստ նրա` այդ կադրերը ոչ միայն ցնցող են կատարված հանցագործությունների աննախադեպ դաժանության առումով, այլև ապացուցում են, որ «սումգայիթի» զոհերի թիվը շատ ավելի մեծ է պաշտոնական տվյալներից: «Եվ ամենագլխավորը` մենք գտանք անհերքելի ապացույցներ այն մասին, որ Սումգայիթում հայերի ցեղասպանությունը ամենայն մանրամասնությամբ նախապատրաստվել, կազմակերպվել և ուղղորդվել է Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի կողմից` Հեյդար Ալիևի գլխավորությամբ»,- ասաց նա:
Նախագծի ղեկավարը հավելեց, որ ֆիլմում ներկայացված են նաև փաստեր, որոնք այս տարիների ընթացքում բծախնդրությամբ թաքցվել են, քանի որ ականատեսները ստորագրել էին գաղտնիքի չհրապարակման մասին փաստաթուղթ: Միևնույն ժամանակ, ֆիլմը հիշեցնում է հայերի պարտադրված ինքնապաշտպանական գործողությունների մասին, որոնք, ըստ էության, Ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի պատմական հաղթանակի «սկզբնաղբյուրը» դարձան: «Այդ մարդիկ մի քանի ժամ շարունակ փաստացի առանց զենքի պաշտպանում էին իրենց ընտանիքները գազազած ամբոխից` զոհվելով հերոսի մահով»,- ասաց Մ.Գրիգորյանը:
«Սումգայիթ, փետրվար, 1988» փաստագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում ապրիլի առաջին կեսերին, երբ հիշատակվելու է Ղարաբաղի Մարաղա գյուղում տեղի ունեցած ողբերգության 18-րդ տարելիցը, ողբերգություն, որը Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում հայերի հանդեպ իրականացված էթնիկ զտումների և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումներից էր:
«Սովորական ցեղասպանություն» նախագիծը կյանքի է կոչվում ՀՀ նախագահի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աջակցությամբ: Շարքի առաջին` «Բաքու, հունվար, 1990» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվեց Բաքվի ջարդերի 20-ամյակի օրերին:
Աղբյուր:
Tert.am
30.03.2010Ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Կոմիտասի անվան սրահում տեղի ունեցավ ամերիկահայ Մարգարիտ Աճեմյան-Ահներթի «Դռան թակոցը» գրքի շնորհանդեսը` հեղինակի մասնակցությամբ:
Գրքի հիմքում հեղինակի մոր` 1900թ. Ամասիա քաղաքում (Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգ) ծնված Եսթեր Միներաճյանի հուշերն են 1915թ. արհավիրքի և դրա պատճառած անլուր տառապանքների մասին: Գիրքն անգլերեն լեզվով լույս է տեսել 2007թ. ԱՄՆ-ում` հեղինակին բերելով «Մարդասիրական մրցանակ»: Հեղինակն արժանանացել է նաև 2008թ. Նյու Յորքի Գրքի տոնավաճառի հաղթողի կոչման` «Լավագույն պատմական հուշագրություն» անվանակարգում:
Մեծ եղեռնի ականատեսի վկայություն հանդիսացող այս հուշագրությունը Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ թարգմանվել է հայերեն և տպագրվել Երևանում: Շնորհանդեսի վերջում տեղի ունեցավ հեղինակի ինքնագրով գրքի նվիրատվություն:
Աղբյուր:
genocide-museum.am